kazakhstan.mfa.am

Ղազախստան

Ղազախստան

Հայ համայնքը Ղազախստանում

Հայ համայնքը Ղազախստանում սկսեց ձեւավորվել XIX դարի 2-րդ կեսին, Ռուսական կայսրության կազմի մեջ Կենտրոնական Ասիայի մտնելուց հետո: Հայերի թիվը աճել է խորհրդային տարիներին, երբ Ղազախստանում սկսվեց ակտիվ արդյունաբերական շինարարությունը:

Հայկական համայնքներ ներկայումս կան Աստանա, Ալմաթի, Կարագանդա, Ակտաու, Ակտոբե, Ուրալսկ, Պավլոդար, Պետրոպավլովսկ, ինչպես նաեւ Ղազախստանի այլ քաղաքներում: Ներկայումս Ղազախստանում բնակվում է, պաշտոնական տվյալներով, մոտավորապես 20-25 հազար հայ: Գործում է 14 ազգային մշակութային կենտրոն, ինչպես նաեւ 10 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է 300-400 աշակերտ:

Հայերը խաղացել են նշանավոր դեր Ղազախստանի պատմության մեջ` ներդնելով իրենց ավանդը երկրի պետական շինարարության, գիտության եւ մշակույթի զարգացման գործում: Մինչ օրս երկրում պահպանվում է Ղազախստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1933-1938թթ.) Լեւոն Միրզոյանի մասին հիշատակը:

2004թ․ ստեղծվեց «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցացիան, որի մեջ ընդգրկվեցին Ղազախստանում գործող 14 հայկական համայնքային կառույցները: Ասոցիացիայի նախագահն է հայտնի գործարար Ա. Կարապետյանը:

2006թ․ Ալմաթիի հայկական մշակութային կենտրոնի տարածքում կառուցվեց «Սուրբ Կարապետ» եկեղեցին (Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի կողմից եկեղեցու հոգեւոր հովիվ նշանակվեց քահանա Տեր Մարկոսը):

Ալմաթիում 2006 թվականից լույս է տեսնում «Նաիրի» հայկական ազգային ամսաթերթը: 5 հազար տպաքանակով լույս ընծայվող ամսաթերթը եռալեզու է. նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն եւ ղազախերեն լեզուներով:

Ղազախստանի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, այդ թվում` Ղազախստանի ժողովդրի ասամբլեայի աշխատանքներին:

Թարմացված է առ 01.01.2014թ.