alexandertamanian.com

Ալեքսանդր Թամանյան- Հայ նոր ճարտարապետության հիմնադիր - Ընտանիք

Ալեքսանդր Թամանյանի սիրելի կինը՝ Կամիլլա Թամանյան,

ակադեմիկոս Նիկոլայ Բենուայի թոռը

Ալեքսանդր Թամանյանի կինը՝ Կամիլլա Մատվեյի Թամանյանը (Էդվարդսը) գալիս է երկու մայրական նշանավոր գեղարվեստական տոհմերից՝ ֆրանսիական Բենուա ընտանիքից և իտալական Կավոս ընտանիքից:

Կամիլլա Թամանյան (Էդվարդս)

Կամիլլա Էդվարդսի մայրական պապիկը ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուան էր (1.7.1813-11.12.1898)՝ պետական խորհրդականի պաշտոնակատար, ռուս ճարտարապետ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս և պրոֆեսոր, Պետերհոֆի գլխավոր ճարտարապետ (1850-ից): Նա Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում սովորել էր ճարտարապետություն 1827-1836 թվականներին: Ութ տարի անց նա նշանակվեց Նիկոլայ I ցարի պալատական ճարտարապետ և վերահսկեց Պետերհոֆ քաղաքի մի շարք նախագծեր, մասնավորապես, գլխավոր կայսերական ախոռները (1847-1852): Նա հայտնի էր որպես 19-րդ դարի Ռուսաստանում ճարտարապետության և դեկորի մեջ նեոգոթական ոճի վերածննդի հետևորդ:

Ճարապետության ակադեմիկոս, Պետերհոֆի գլխավոր ճարտարապետ, Կամիլլա Թամանյանի պապիկը՝ Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի դիմանկարը: Նկարիչ Վիկտոր Դումիտրաշկո

Նիկոլայ Լեոնտևիչ Բենուան ամուսնացավ Կամիլլա Ալբերտովնա Կավոսի հետ։ Կամիլլա Ալբերտովնայի հայրը, Ալբերտո Կավոսը (22.12.1800-22.05.1863) Ռուսաստանում բնակվող իտալացի էր, շատ հայտնի ճարտարապետ, որը նախագծել էր Մոսկվայի Մեծ թատրոնը (1853-1856) և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը (1859-1860): Նիկոլայ Լեոնտևիչն ու Կամիլա Ալբերտովնան ունեցել են 9 երեխա՝ 3 աղջիկ և 6 տղա, երեխաներից երկուսը, ցավոք, մահացել են մանկության տարիներին:

Կամիլլա Թամանյանի պապիկը ճարտարապետ Նիկոլայ Լեոնտևիչ Բենուան (1813-1898), նրա կինը Կամիլլա Ալբերտովնա Կավոսը (1828-1891) երեխաների հետ: Կամիլլայի մայրը, նույնպես Կամիլլան, նստած է աջ կողմում

Կամիլլա Մատվեևնա Էդվարդս (04.07.1885-21.12.1964)՝ Ալեքսանդր Թամանյանի ապագա կինը՝ ծնվել է Սանկտ Պետերբուրգ տեղափոխված անգլիացու՝ Մաթյու (Մատվեյ) Յակովլևիչ Էդվարդսի (1847-1917) և Կամիլլա Նիկոլաևնա Բենուայի (1849-1920) (ճարտարապետ Նիկոլայ Լեոնտևիչ Բենուայի դուստր) ընտանիքում: Մաթյու Էդվարդսը հայտնվեց Բենուայի ընտանիքում 1874-ին որպես երիտասարդ Կամիլլա Բենուայի անգլերենի ուսուցիչ: Երիտասարդներն անմիջապես սիրահարվեցին միմյանց և ամուսնացան 1875-ին։ Մաթյուն տիպիկ բրիտանացի էր՝ բարձրահասակ, ուժեղ, բարեսիրտ, կարմիր մազերով և մորուքով: Նա շատ հմուտ կազմակերպիչ էր և շուտով դարձավ ճոպանի փոքր գործարանի տեր Պետերբուրգի Օխտա արվարձանում։ Երբ նա մահացավ 1917-ին հենց հեղափոխության ժամանակ, նրա աշխատողները ձեռքերի վրա տարան նրա դագաղը ավելի քան երեք կիլոմետր տնից գերեզմանոց և դառնորեն սգում էին:

Կամիլլա Բենուա-Էդվարդսը շատ բարի, հանգիստ, փխրուն կին էր, չորս երեխաների սիրող մայր: Նա սովորեց պատրաստել անգլիական ուտեստներ իր սիրելի Մաթյույի և երեխաների համար. տապակած տավարի միս, հնդկահավ, բադ և կարկանդակներ: Նա վարպետորեն վարում էր տունը և նրանց ընտանիքում ուրախ և հանգիստ մթնոլորտ էր տիրում: Մինչ օրս Էդվարդսների, Բենուաների և Թամանյանների ընտանիքներում գոյություն ունի մի հրաշալի ավանդույթ՝ յուրաքանչյուր սերնդի դուստրերից մեկին Կամիլլա անուն տալ: Այսպիսով՝ Կամիլլա Թամանյանի մայրն ու տատիկը նույնպես Կամիլլա անուն էին կրում:

Աջից ձախ՝ Կամիլլա Թամանյանի հայրը Մաթյու Էդվարդսը, նրա կինը Կամիլլա Բենուան, փոքրիկ Կամիլլան, նրա եղբայրները ու քույրը և պապիկ ու տատիկը՝ Նիկոլայ Բենուան և Կամիլլա Կավոսը

1896-ին Ալեքսանդր Թամանյանը ավարտել է Կուբանի Ալեքսանդրյան ռեալական ուսումնարանը: 1898-ին նա փայլուն հանձնեց ընդունելության քննությունները և ընդունվեց Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության ֆակուլտետ: Ալեքսանդր Թամանյանը կրթություն ստացավ լեգենդար վարպետների կողմից՝ Ալբերտ և Լեոնտի Բենուաներից և ուրիշներից: Նրա դասընկերների թվում էին Կամիլլա Էդվարդսի զարմիկները՝ Նիկոլայ և Եվգենի Լանսերեները և Լյուդվիգ Շրեթերը:

1904-ին Թամանյանը ավարտեց Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը, նկարիչ-ճարտարապետի կոչումով։ Լինելով ճարտարապետության «ծագող աստղ», նա աշխատում էր ակադեմիկոս, պրոֆեսոր, ականավոր ուսուցիչ, ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի ակադեմիային պատկանող արհեստանոցում։ Լեոնտի Բենուան, Կամիլլա Էդվարդսի քեռին էր: Ակնհայտ է, որ Ալեքսանդրը և Կամիլլան, ով ավարտել էր մասնավոր Ստայունինայի մասնավոր կանանց գիմնազիան, պետք է որ հանդիպեին իրար և դա տեղի ունեցավ Կամիլլայի մորաքրոջ՝ Եկատերինա Նիկոլաևնա Լանսերեյի տանը: Երիտասարդները շուտով հավերժ սիրահարվեցին միմյանց:

Գեղեցկուհի Կամիլլա Թամանյան

Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ Թամանյանն ինձ վրա թողեց մեծ տպավորություն, բարձրահասակ, համակրելի, ինքնատիպ դիմագծեր, սպիտակ գեղեցիկ ատամնաշար, սև մազեր, որով նա այնքան տարբերվում էր իր ռուս ընկերներից։ Երիտասարդ Թամանյանն իր աշխույժ և ուրախ բնավորությամբ մեր երեկույթների կենտրոնն էր։

Ալեքսանդրը իր հոր հետ նամակներ էր փոխանակում հայերեն: Մինչև օրս հիշում եմ իմ սկեսրայրի մանր, մարգարտաշար ձեռագիրը»:Կամիլլա Թամանյանի հուշերից

Ալբերտ Նիկոլաևիչ Բենուա (1852-1936)՝ հայտնի ռուս նկարիչ, ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի ուսուցիչը: Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի որդին, Կամիլլա Թամանյանի քեռին

Լեոնտի Նիկոլաևիչ Բենուա (1856-1928)՝ հայտնի ակադեմիկոս ճարտարապետ, պրոֆեսոր, ականավոր ուսուցիչ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի արհեստանոցի ղեկավար: Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի որդին, Կամիլլա Թամանյանի քեռին

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա (1870-1960)՝ հայտնի նկարիչ, արվեստաբան, պատմաբան, Սերգեյ Դիագիլևի ռուսական բալետների գեղարվեստական ղեկավար: 1898 թ-ին Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուան հիմնեց «Արվեստի աշխարհ» ընկերությունը և համանուն ամսագիրը: Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի որդին, Կամիլլա Թամանյանի քեռին


Սըր Պիտեր Ուստինովը
(1921-2004)՝ անգլիացի հայտնի դերասան, գրող և ռեժիսոր: Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի թոռը, Կամիլլա Թամանյանի զարմիկի՝ հայտնի ռուս (հետագայում բրիտանացի) նկարիչ Նադեժդա Լեոնտիևնա Բենուայի որդին

Ալեքսանդր Թամանյանը իր սիրելի կնոջ՝ Կամիլլայի հետ

1904-1906 թվականներին Ալեքսանդր Թամանյանը աշխատում էր Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում գտնվող Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու վերակառուցման վրա: Ալեքսանդր և Կամիլլայի պսակը տեղի ունեցավ նույն եկեղեցում 1908-ին:

Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ

Թամանյանների երջանիկ ընտանիքում ծնվեց չորս երեխա՝ ավագ դուստրը Մարիան 1908-ին, որդին Գևորգը 1910-ին, դուստրը Վարվարան 1916-ին և կրտսեր որդին Հուլիոսը 1922-ին:

Ալեքսանդրը և Կամիլլան իրենց սիրելի դուստր Մարիայի և որդու Գևորգի հետ, 1914 թ

Ամենակարևոր կենսական և դժվար իրադարձություններն էին՝ 1917-ի երկու հեղափոխությունները, կյանքը Ռուսաստանում Ժամանակավոր կառավարության օրոք: 1917-ի սեպտեմբերին, ընտանիքը պաշտպանելու համար, Ալեքսանդր Թամանյանը իր ընտանիքը տեղափոխեց Սև ծովի ափին գտնվող Անապա քահաք, Կրասնոդարի երկրամասում: Անապայում նույնպես անհանգիստ իրավիճակ էր, սնունդը քիչ էր։ Ինքը՝ Թամանյանը, մնում էր և քրտնաջան աշխատում Սանկտ Պետերբուրգում: 1919-ին նա նախ մեկնեց Անապա, այնուհետև Հայաստան՝ Հայրենիքը, Առաջին Հայկական Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու նպատակով: Նա անխոնջ աշխատում էր անկախ Հայաստանի մայրաքաղաք` Էրիվանի (Երևանի) գլխավոր հատակագծի նախագծման և բազմաթիվ այլ հրատապ խնդիրների վրա:

1919-ին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Անապայից նամակները չէին հասնում Հայաստան և ակադեմիկոսը ոչինչ չգիտեր իր ընտանիքի մասին: Մինչդեռ Անապայում, Կամիլլա Թամանյանը ոչինչ չգիտեր իր ամուսնու մասին: Ընտանիքը պահելու համար նա խմորեղեն էր թխում: Կարելի է պատկերացնել նման բաժանման ցավը և որքան դժվար էր դա բոլորի համար: Թամանյանի 1919-ին ուղարկած մեկ նամակը հայտնաբերվեց 1962-ին, բայց դա արդեն մի ուրիշ հետաքրքիր պատմություն է:

Վերջապես Կամիլլա Թամանյանը որոշեց գնալ իր սիրելի Շուրոչկայի մոտ: Մեծ դժվարություններով և երկար ամիսներ շարունակ մեծ ճարտարապետի ընտանիքը հասնում էր Հայաստան՝ ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, վաճառելով այն ամենը, ինչ ունեին: Գնում էին ձիերով լծված սայլով, գնացքով, Կրասնոդար, Բաքու, Վրաստան... Վերջապես ժամանելով Հայաստանի Ալավերդի քաղաք, ընտանիքը երեք օր կծկվել էր երկաթուղային կայարանում՝ աստիճանների տակ գտնվող անկյունո՜ւմ: Նրանք այլևս հույս չունեին երբևէ տեսնելու իրենց սիրելի ամուսնուն ու հորը և միայն տասնամյա Գևորգը խոսում էր հայերեն, ինչը դժվարացնում էր գործը: Ճակատագրի կամքով, Ալավերդի ժամանեց Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարներից Լևոն Շանթը: Կայարանի պատասխանատուն նրան զեկուցեց Թամանյանի ընտանիքի մասին և պարոն Շանթը անմիջապես Կամիլլա Մատվեևնային և երեխաներին հրավիրեց իր կառք:  Բարեբախտաբար երբ գնացքը կանգ առավ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), երբ Ալեքսանդր Թամանյանը այնտեղ աաշխատում էր: Ակադեմիկոսը գնաց կայարան տեսնելու, թե ով է եկել և... ջերմ գրկախառնություններ, արցունքներ, ուրախություն, երջանկություն: Թամանյանների ընտանիքը վերամիավորվեց 1920-ին:

1921-ի ապրիլին, Հայաստանում ռազմական վտանգավոր իրավիճակի պատճառով, Թամանյանների ընտանիքը տեղափոխվեց Իրանի Թավրիզ քաղաք: Իրան տանող ճանապարհին Թամանյանի հմտությունները ժամանակին և պատահաբար օգտակար եղավ. նրա շնորհիվ լաստանավ կառուցվեց արագ Արաքս գետի մի ափից մյուսը հայ զորքերը փոխադրելու համար:

Ալեքսանդր Թամանյանը իր սիրելի դուստր Վարվառայի (Արոչկայի) և կրտսեր որդու Հուլիուսի հետ

Թավրիզում Ալեքսանդր Թամանյանը հաջողաբար աշխատում էր և հույս ուներ, որ ընտանիքի անդամների առողջությունը կամրապնդվի ավելի բարենպաստ կենսապայմաններում: Սակայն տեղափոխվելուց անմիջապես հետո ավագ դուստրը՝ Մարիան, հիվանդացավ և մահացավ: Նա ընդամենը 13 տարեկան էր: Ինչպե՞ս ապրել, ոչ մի ծնող չպետք է իր երեխային կորցնի: Դա սարսափելի ժամանակ էր ամբողջ ընտանիքի համար: Ճակատագիրը դաժան էր, բայց շուտով այն երջանկություն բերեց, երբ ընտանիքում 1922-ին կրտսեր որդին ծնվեց՝ Հուլիոսը: Մինչդեռ, Հայաստանի խորհրդային նոր կառավարությունը բազմաթիվ պաշտոնական հրավերներ էր ուղարկում Ալեքսանդր Թամանյանին, հորդորելով նրան վերադառնալ Հայաստան, իր մասնագիտությամբ աշխատելու համար: Թամանյանների ընտանիքը Հայաստան վերադարձավ 1923-ի մարտին: Կարելի է ասել, որ Երևանը «մաքուր կտավ էր» որտեղ Մաեստրոն ուզում էր ստեղծել իր երազած քաղաք-պարտեզը ապագա սերունդների համար:

Կամիլլա Թամանյանի դիմանկարը: Նկարիչ Եվգենի Լանսերե, Երևան, 1927

Կամիլլա Մատվևնան ազնվորեն դիմանում էր իր ընտանիքի գլխին եկած բոլոր դժվարություններին: Սանկտ Պետերբուրգի եվրոպական շքեղությունն հավանաբար, մնացել էր նրա հիշողություններում: Այնուամենայնիվ, նա ոգևորությամբ և վճռականությամբ ընդունեց նոր կյանքը Երևանում և ստեղծեց հյուրընկալ տուն, որտեղ ամեն հինգշաբթի երեկոյան գալիս էին մեծանուն նկարիչները, գրողները, երգիչները, ճարտարապետները և մշակույթի, արվեստի և գիտության այլ գործիչները:

Հայ անվանի բանաստեղծ և գրող Ավետիք Իսահակյանը իր «Ի հիշատակ անզուգական Թամանյանի» հուշերում գրել է՝

Թամանյան ամուսինները հայտնի էին իրենց ջերմ հյուրընկալությամբ: Նրանք իրենց տունը վերածեցին Երևանի ամենագրավիչ հանդիպման և զրույցի վայրի: Հյուրերը սովորաբար հեռանում էին խորը բավարարվածության զգացումով և անհամբեր սպասում էին նման երեկոյի: Ինչ անմոռանալի պահեր, ինչ քաղցր հուշեր»:

Ռուսերենից հայրեն թարգմանել է Զարուհի Թամանյանը

Ամբողջությամբ կարող եք կարդալ (ռուսերեն) այստեղ

Ալեքսանդր Թամանյանը իր սիրելի դստեր՝ Վարվառայի հետ

1934-ին ընտանիքին հարվածեց մեկ այլ մեծ վիշտ, երբ իրենց սիրելի դուստրը Վարվառան՝ 18-ամյա գեղեցիկ աղջիկը, տաղանդավոր դաշնակահարը, ով ուներ մեծ ապագա, մրսելուց հետո բարդություն ստացավ և մահացավ: Այս հսկայական հարվածը անտանելի էր ընտանիքի և ընկերների համար: Ալեքսանդր Թամանյանի առողջությունը կտրուկ վատացավ՝ հատկապես նրա տեսողությունը: Ամեն օր անկախ եղանակից, նա այցելելում էր իր երկու դուստրերի գերեզմանները: Ընտանիքի համար դա ամենադժվար ժամանակն էր:

Հատկապես Թամանյանին կիսամեռ վիճակից դուրս բերելու համար, կազմակերպվեց նրա ուղևորությունը Մոսկվա և թվում էր, որ այնտեղ գտնվելով, նա լի էր Շչերբատովի տունը վերանորոգելու գաղափարներով: Սակայն Երևան վերադառնալուն պես, ձմռան ցուրտ օրը, Ալեքսանդր Թամանյանը անմիջապես այցելեց իր դուստրերի գերեզմանները, հիվանդացավ և չկարողացավ վերականգնել թոքաբորբից: Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը մահացավ 1936-ի փետրվարի 20-ին, իր ընտանիքը ու ընկերներին սրտացավ ու իր կարևոր գործը կիսատ թողնելով: Նրա ծրագրերից շատերն իրականացրել են նրա տաղանդավոր որդիները՝ ճարտարապետներ Գևորգ և Հուլիոս Թամանյանները, ինչպես նաև Թամանյանական ճարտարապետական դպրոցի ճարտարապետները, շրջանավարտները և գործընկերները, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Վարպետի հետ:

 Կամիլլա Մատվեևնա Թամանյանը ապրեց ևս երեք տասնամյակ և մահացավ 1964-ին, շրջապատված իր երկու որդիներով, հարսերով, թոռնիկներով և ծոռնիկներով: Նա իր աչքերով տեսավ իր սիրելի ամուսնու ճարտարապետական նմուշները:

Բենուա ընտանիքի մասին տեղեկություններ կարելի է գտնել մեր կայքում՛ Հղումներ