Թիրեոտրոպ հորմոն - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիրեոտրոպ հորմոն, ալֆա | |
---|---|
Բնորոշիչներ | |
Սիմվոլ | CGA |
Alt. symbols | HCG, GPHa, GPHA1 |
Entrez | 1081 |
HUGO | 1885 |
OMIM | 118850 |
RefSeq | NM_000735 |
UniProt | P01215 |
Այլ տվյալներ | |
Լոկուս | Քրոմ. 6 q14-q21 |
Թիրեոտրոպ հորմոն, կամ ԹՏՀ, թիրեոտրոպին, թիրոտրոպին (անգլ.՝ thyrotropine, TSH, thyroid stimulating hormone), հիպոֆիզի առաջային բլթի կողմից արտադրվող տրոպային հորմոն։
Քիմիական կառուցվածքի առումով թիրոտրոպինը գլիկոպրոտեին հորմոն է։
Թիրեոտրոպ հորմոնը բաղկացած է երկու ենթամիավորներից (α և β), որոնք կապված են ոչ կովալենտային կապով։ α-ենթամիավորը առկա է նաև այլ հորմոններում (ֆոլիտրոպին, լյուտրոպին, խորիոնային գոնադոտրոպին)։
Այս հորմոններից յուրաքանչյուրն ունի նաև β-ենթամիավոր, որն ապահովում է հորմոնների հատուկ կապը նրանց ընկալիչների հեետ։
Թիրոտրոպինի ընկալիչները հայտնաբերվում են վահանաձև գեղձի էպիթելային բջիջների մակերեսին։ Առանձին ենթամիավորները ոչ ակտիվ են։ Ազատ թիրոտրոպինը ազդում է նաև ադենոհիպոֆիզի վրա, ինչի արդյունքում այն արգելակում է դրա սինթեզը։
Նմանատիպ հորմոն է արտազատվում նաև էպիֆիզում։

Թիրոտրոպինի արտազատումը կարգավորվում է բացասական հետադարձ համակարգով, ինչպես նաև հատուկ գործոններով, որոնք արտազատվում են ենթատեսաթմբի նեյրոսեկրետորային բջիջների կողմից։
Թիրոտրոպինը, ազդելով վահանաձև գեղձի էպիթելային բջիջների մակերեսի հատուկ ընկալիչների վրա, խթանում է թիրոքսինի արտադրությունն ու ակտիվացումը։ Թիրոտրոպինի ընկալիչը պատկանում է թաղանթային GPCR-ների գերընտանիքին՝ զուգորդված Gs սպիտակուցի հետ (սպիտակուց, որը ակտիվացնում էադենիլատցիկլազին)։ Ակտիվացնելով ադենիլատցիկլազը՝ այն մեծացնում է յոդի ընդունումը գեղձի բջիջների կողմից։ cAMP-ի մակարդակի հետագա բարձրացումը որոշում է TSH-ի ազդեցությունը տրիյոդոթիրոնինի (T3) և թիրոքսինի (T4) կենսասինթեզի վրա (սինթեզը տևում է մոտ մեկ րոպե), որոնք աճն ու զարգացումը կարգավորող ամենակարևոր հորմոններն են։
Բացի այդ, թիրոտրոպինն ունի երկարաժամկետ ազդեցություն, որոնց դրսևորումը տևում է մի քանի օր։
Ինչպես օրինակ, սպիտակուցների, նուկլեինաթթուների, ֆոսֆոլիպիդների սինթեզի ավելացում, վահանաձև գեղձի բջիջների քանակի և չափի ավելացում։
Արյան մեջ ազատ T4-ի և TSH-ի կոնցենտրացիաների միջև կա հետադարձ կապ. որոշակի մակարդակի թիրոքսինի (T4) կոնցենտրացիայի գերազանցումը հանգեցնում է TSH-ի արտադրության նվազմանը, և հակառակը, T4-ի կոնցենտրացիայի իջեցումը մեծացնում է հորմոնի արտադրությունը։
Թիրոտրոպինը, որը գործում է վահանաձև գեղձի TSH-ի ծայրամասային ընկալիչների վրա, նաև մեծացնում է ծայրամասային հյուսվածքների սելեն կախյալ մոնոդեյոդինազի ակտիվությունը և հյուսվածքների ընկալիչների զգայունությունը թիրոիդ հորմոնների նկատմամբ, դրանով իսկ, հյուսվածքները «պատրաստում» է վահանաձև գեղձի հորմոնների ազդեցությանը։
Թիրոտրոպինի համար բնորոշ են արտազատման ամենօրյա տատանումները։
Արյան մեջ TSH-ի ամենաբարձր կոնցենտրացիան նկատվում է գիշերը ժամը 2-4-ին, այն փոքր-ինչ նվազում է մինչև առավոտյան 6-8-ը, TSH-ի ամենափոքր քանակությունը զգացվում է ժամը 17-19-ին։
Գիշերը արթնանալիս այս հորմոնի արտազատման նորմալ ռիթմը խախտվում է։ Հղիության ընթացքում թիրոտրոպինի կոնցենտրացիան նվազում է։ Նաև տարիքի հետ TSH-ն փոքր-ինչ շատանում է, հորմոնի արտազատումը նվազում է գիշերը։
Բարձր կոնցենտրացիաների և երկարատև ազդեցության դեպքում թիրոտրոպինը առաջացնում է վահանաձև գեղձի հյուսվածքի պրոլիֆերացիա, դրա չափի և զանգվածի ավելացում, դրանում կոլոիդի քանակի ավելացում, այսինքն՝ նրա ֆունկցիոնալ հիպերտրոֆիա։
- Березов Т. Т., Коровкин Б. Ф. Биологическая химия. — 2-е изд. — М.: Медицина, 1990. — 528 с.
- Основы эндокринологии. — 3-е изд., перераб. и доп. — М.: Медицина, 1994. — 384 с. — 5000 экз. — ISBN 5-211-03251-9